AM
3 August 2023 - 10:13 AMT

Փաշինյանը՝ Ալիևին. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են Ալմաթիի հռչակագրով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները դեռ որոշված չեն՝ նշելով, որ դրանք որոշվել են 1991-ի Ալմաթիի հռչակագրով:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշվել են 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով, և դա վերահաստատվել է 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով, որտեղ Ալմաթիի հռչակագիրն ընդունվել է որպես երկու երկրի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման հիմք։ Տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի պլանը հետևյալն է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթիի հռչակագրով ֆիքսված սահմանը վիճարկելու տեղ թողնող դրույթներով խաղաղության պայմանագիր ստորագրել և հետագայում արդեն սահմանագծման և սահմանազատման գործընթացում տարածքային պահանջներ առաջադրել Հայաստանին»,- նշել է նա:

Փաշինյանը հարց է ուղղել՝ եթե երկրների միջև սահմանները որոշված չեն, ապա ի՞նչ տարածքների հարց է բարձրացնում Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում։

«Եթե նման հարց է բարձրացվում, ուրեմն սահմանները որոշված են, իսկ այդ սահմանի գծից զորքերի հայելային հետքաշման մասին Հայաստանի առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Իսկ սահմանների սահմանազատումը և սահմանագծումը վկայում է ոչ թե սահմանների բացակայության մասին, այլ հակառակը՝ որոշված, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանագծերի վերահաստատման և հողի վրա դրանց արտացոլման գործընթացն է որպես պետական սահման»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխանաբար 29,800 քկմ և 86,600 քկմ տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա խաղաղության հասնելու պայմանավորվածությունը և սպասում Ադրբեջանի կողմից այդ պայմանավորվածության հրապարակային վերահաստատմանը։

Ալիևը «Եվրոնյուզին» հարցազրույցում հայտարարել էր, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, նաև հավելել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները որոշված չեն։