AM
3 August 2023 - 12:27 AMT

ՇՄՆ-ն նախագիծ է պատրաստում՝ արգելելու մեկանգամյա պլաստիկ տարաների և պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Շրջակա միջավայրի նախարարությունը նախագիծ է պատրաստում, որով կարգելվի պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի, ինչպես նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքը: Այդ մասին կառավարության օգոստոսի 3-ի նիստում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի ` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե գործադիրը հաճախ որոշումներ է կայացնում, բայց դրանց իրականացման վերահսկողությունը պատշաճ չի իրականացվում, ինչպես, օրինակ, պոլիէթիլենային տոպրակների դեպքում էր:

‌«Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ և իմ գնած ապրանքը ինձ տվել են նույն տոպրակով, ինչ 5 տարի առաջ էր։ Մինչդեռ մենք այս դահլիճում որոշեցինք, որ չգիտեմ որ հաստությունից տոպրակներն արգելելու ենք, չի լինելու, չի օգտագործվելու։ Ո՞վ ունի այս հարցի պարզաբանումը»,- հարցրել է Փաշինյանը, մեջբերում է «Առավոտը»:

Շրջակա միջավայրի նախարարի խոսքով՝ 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել 2019-ի օրենսդրական կարգավորում, ըստ որի՝ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը:

«Այստեղ համայնքները որքան հնարավոր է՝ վերահսկողություն իրականացրին, բայց սա ամբողջական արդյունք չտվեց: Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակի վաճառքն ենք արգելելու։ Նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու: Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպրակների խնդիրը լուծել։ Ակնկալում ենք, որ վերահսկողությունն էլ տեսչականները կիրականացնեն»,- նշել է նա:

Ազգային ժողովը դեռ 2020-ին ընդունել էր «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումների մասին օրինագիծը, որով արգելվում է առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը և իրացումը: