AM
7 August 2023 - 09:54 AMT

Գյումրիում բարբառի պատճառով սպանություն է եղել

Օգոստոսի 6-ին` գիշերն աջ դաստակի շրջանում վնասվածքով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է դիմել քաղաքի՝ 1983թ․ ծնված բնակիչ, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկերոջը դանակահարելու ընթացքում միջամտելու ժամանակ։ Նույն օրը նշված բուժկենտրոնից ահազանգ է ստացվել, որ ԲԿ-ի բակում հայտնաբերվել է կողերի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով մոտ 36 տարեկան տղամարդու դի։

ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օգոստոսի 5-ի գիշերը Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվ էեղել ռեստորանի երկու աշխատակցի միջև, որը, արդեն երկու կողմից այլ անձանց ներգրավմամբ, շարունավել է աշխատանքայի ավարտից հետո, այլ վայրում՝ «Ձկի ձոր» տանող ճանապարհին։ Նրանց միջև խոսակցությունը կրկին վերաճել է վիճաբանության, որի ընթացքում մասնակիցներից մեկը սուր կտրող ծակող գործիքով հարվածել և վնասվածքներ է հասցրել իր հետ վիճաբանողներից 30-ամյա տղամարդու աջ ձեռքին, Ա․Սարդարյանի որովայնի հատվածին և դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից Ա․Սարդարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի որոշ էական հանգամանքներ պարզելու և առերևույթ հանցանք կատարած անձին հայտնաբերելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։ Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում նշված անձը՝ Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը, հայտնաբերվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: