ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Պատասխան նամակում ՀՀ-ն հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը երկրի ինքնիշխան տարածքում, հայտնում է «Արմենպրես»-ը՝ ՇՄ նախարարի խոսնակ Անի Հակոբյանին հղումով:
Ըստ նրա, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է Երասխում մետաղաձուլարանի գործարանի կառուցման ընթացքում Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի դրույթները չպահպանելու մեջ:
«Մենք պատասխանել ենք մեղադրանքին ու նշել, թե գործարանն ինչ չափորոշիչներով է գործելու: Գործարանը չի կառուցվում որևէ խախտմամբ։ Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակելով շինհրապարակի ուղղությամբ, քանի որ դրա հետևանքով վնաս է հասցվել աշխատակիցներին, նյութական կորուստներ կան: Այդ վարքագիծը կոպտորեն խախտում է հենց նրանց մատնանշած Կոնվենցիայի հոդվածներից որոշները, իսկ Հայաստանը հավատարիմ է միջազգային ստանձնած բոլոր պարտավորություններին»,-նշել է նա:
ՇՄՆ խոսնակը հավելել է, որ նամակի բովանդակությունը Կոնվենցիայի շրջանակում է և հենց դրա շրջանակում էլ պատասխանել են նամակին:
Հունիսի 13-ից Ադրբեջանի ԶՈւ-ն պարբերաբար կրակ է բացում Երասխի ուղղությամբ։ Հունիսի 14-ին հակառակորդը կրակել էր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Ավելի ուշ գործարանում տեղադրվեցին ՀՀ և ԱՄՆ դրոշները, սակայն կրակոցներն այդ ուղղությամբ պարբերաբար շարունակվում են։