Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է ավագանու գալիք ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։
«Ինձ ասում են՝ Հա՛յկ ջան, բա քեզ պե՞տք ա։ Քո համար առոք-փառոք ապրում ես, ամեն ինչ ունես՝ սերը, հարգանքը, բարեկեցիկ կյանքը։ Ընդ որում, նույնն ինձ ասում էին 2008 թվականին, երբ մասնակցում էի ընդդիմության միտինգներին, նույնն ասում էին տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ, նույնն ասում էին 2018 թվականի հեղափոխության ժամանակ, մի խոսքով՝ միշտ։ Եվ առաջին հայացքից, այս խոսքերի մեջ կա տրամաբանություն, բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Որովհետև չի կարող մարդը ո՛չ անձնական, ո՛չ էլ ընտանեկան բարեկեցություն ունենալ, երբ շրջապատն անբարեկեցիկ է․․․ չի կարող լինել անձնական երջանկություն, երբ համայնքդ ու երկիրդ երջանիկ չեն», – նշել է նա։
«Արդյո՞ք այսօր մեր երկրում պրոցեսներն արդար են ու թափանցիկ, արդյո՞ք մայրաքաղաքի կառավարումն էֆեկտիվ է ու ի նպաստ երևանցու, արդյո՞ք պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին ներկայանում, այսօր չեն սկսել գործել «հին ու բարի» մեթոդներով, արդյո՞ք մենք հասել ենք այն ամենին, ինչի համար ազգովի ոտքի ենք կանգնել 2018-ին։ Իհարկե՝ ոչ։ Ուստի պայքարն ավարտված չէ։ Ուստի ադ հարցին ես միանշանակ պատասխանում եմ՝ «Այո՛, ինձ պետք ա», – նշել է նա։
«Եթե դա չանենք մենք, դա անելու են այն մարդիկ, ովքեր առաջնորդվում են միայն իրենց սեփական և խմբակային շահերով, ովքեր թքած ունեն, ընդ որում` այս անգամ ոչ միայն փոխաբերական, այլ նաև ուղիղ իմաստով, մարդկանց, ժողովրդի և պետության շահերի վրա։ Հետևաբար հայտարարում եմ, որ իմ թիմի հետ մասնակցում եմ ընտրություններին»,– ասել է Մարությանը։
2018-ի հեղափոխությունից հետո 1-ին խոշոր՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքով քաղաքապետ դարձած Մարությանին անվստահություն էին հայտնել 2021-ի դեկտեմբերին, իշխանության հետ կոնֆլիկտից հետո։ Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։