AM
21 June 2002 - 18:01 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՍՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆԸ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ, ԳՏՆՈՒՄ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԸ

Վաշինգտոնում գտնում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ցանկանում են հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով մոտ ժամանակներս: Այդ մասին Բաքվի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը: Դիվանագետը հերքել է ենթադրություններն այն մասին, թե Քի-Վեսթից հետո բանակցությունների ընթացքի մասին պաշտոնական Թեհրանին տեղեկացնելու որոշումը կապված էր այն բանի հետ, որ իրականում պայմանավորվածություն էր ձեռք բերվել տարածքների փոխանակման մասին` քանի որ նման տարբերակը շոշափում է նաեւ Իրանի շահերը: «Իրանին տեղյակ պահելը թելադրված էր լոկ այն բանով, որ այդ երկիրը տարածաշրջանի կարեւոր «խաղացողներից» մեկն է»,- հայտարարել է Ուիլսոնը: Մեկնաբանելով մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ադրբեջանի ընդդիմության վրա, նպատակ ունենալով պայմաններ ստեղծել Հեյդար Ալիեւի կողմից ԵԱՀԿ ՄԽ առաջարկած խաղաղ պայմանագիրը ստորագրելու համար` դիվանագետը նշել է.«Ոչ Հայաստանում, ոչ էլ Ադրբեջանում կառավարության անդամներից բացի համանախագահները ոչ ոքի չեն տեղեկացրել բանակցությունների մանրամասների մասին եւ այդ պատճառով ընդդիմությունը դժվար թե տեղյակ լինի դրանց»:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: