Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացի սննդի աջակցության քարտեր կստանա։
Սոցապ նախարարությունից հայտնել են, որ ծրագրի այս փուլում սննդի աջակցության քարտը կտրամադրվի Շիրակի, Տավուշի, Լոռիի, Կոտայքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզի այն աղքատ կամ խոցելի ընտանիքներին, որոնք Միասնական սոցիալական ծառայության կողմից կարիքների գնահատման արդյունքում ճանաչվել են պարենային անապահով:
Ամեն ամիս քարտի միջոցով հասանելի կլինի ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով մոտ 9000 դրամ:
Սննդի աջակցության քարտը կարելի է օգտագործել միայն մթերային խանութներում սնունդ գնելիս, գումարը կանխիկացնել հնարավոր չէ:
Ծրագիրը կիրականացվի Սոցապ նախարարության ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ստորագրված գործակցության հուշագրի շրջանակում: