AM
14 August 2023 - 08:46 AMT

11 զոհով ՃՏՊ՝ Լանջիկ գյուղի մոտ. Միկրոավտոբուսի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստանից

Երևան-Գյումրի ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհված 11 և տուժած քաղաքացիները վերդառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից։ Նրանք եղել են են Volkswagen մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսում, հայտնել է «Համշեն Տուր» տուրիստական ընկերության զանգերի օպերատորը, տեղեկացնում է Factor.am-ը։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 00:27-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, ՃՏՊ է եղել, որի հետևանքով զոհվել է 11 քաղաքացի, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են Volkswagen մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և ZIL մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․Պ․, ծնված 1990 թ.):

Գյումրու ԲԿ են հոսպիտալացվել տուժածներ Մ. Գ.-ն (ծնված 1996 թ.), Լ. Ղ.-ն (ծնված 1989 թ.), Հ. Պ.-ն (ծնված 1990 թ.), Պ. Ա.-ն (ծնված 1985 թ.), Է. Ք.-ն (ծնված 2000 թ.) և Է. Ս.-ն (ծնված 1984 թ.): Այնուհետև Է. Ս.-ն (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի վերակենդանացման բաժանմունք: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծանր է:

Դեպքի վայրից «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 տուժածի առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ դեռևս հնարավոր չի եղել բուժհաստատություն տեղափոխված անձանց հետ կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ`առողջական վիճակով պայմանավորված

Նշանակվել են դիակների դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։