AM
14 August 2023 - 09:26 AMT

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ․ ՄԱԿ ԱԽ–ն պետք է օգտագործի իր զինանոցի միջոցները` կանխելու ԼՂ–ում հումանիտար աղետը

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը BBC-ի Newshour ռադիոծրագրին տված հարցազրույցում ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պատասխանատվությունը, նա իր զինանոցում տարբեր միջոցներ ունի` կանխելու համար հումանիտար աղետը ԼՂ–ում։

Նա հիշեցրել է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ մարդասիրական բեռներով ավտոշարասյունն արգելափակված է սահմանին, ու միջազգային հանրությունը պարտավոր է կանխել նման հանցագործությունները, գրում է Sputnik Արմենիան։

«Ամենահարմարը կլինի բանաձևը, որը լիազորում է Միավորված ազգերի կազմակերպության հումանիտար հարցերի համակարգման գրասենյակին (OCHA) գնահատող առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնություն հասցնել, ինչպես նաև կատարել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները՝ բացելով Լաչինի միջանցքը»,– ասել է նա հարցազրույցում։

Մհեր Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս իրավիճակը կապված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ։ Մարդիկ տառապում են, քանի որ սնունդ ու դեղորայքը չի հերիքում, այնպես որ միջազգային հանրության միջամտությունը խիստ անհրաժեշտություն է։

«Դա անհրաժեշտ է զանգվածային վայրագությունները կանխելու համար»,- ասել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը փետրվարին միջանկյալ միջոց է հրապարակել, իսկ հուլիսին վերահաստատել այն, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի (Բերձոր) միջանցքով, ինչը Ադրբեջանը մինչև օրս չի իրականացրել:

«Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը երեք հայտարարություն արեց՝ մեկը դեկտեմբերին, մյուսը՝ փետրվարին և վերջինը՝ օգոստոսի 3-ին՝ կոչ անելով անվերապահորեն իրականացնել միջազգային դատարանի որոշումը և վերահաստատելով դրա պարտադիր բնույթը: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ կոչ են արել Ադրբեջանին կատարել դատարանի որոշումը։ Մեկ ամիս առաջ մենք նաև կոնկրետ խնդրանքով դիմել ենք Անվտանգության խորհրդին՝ հրատապ և արդյունավետ գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և ապահովել միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռները։ Մինչև հիմա ոչինչ չի արվել»,– ասել է Մհեր Մարգարյանը։

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ ցեղասպանության հարցով բազմաթիվ հեղինակավոր գիտնականներ և փորձագետներ հայտարարություններ են արել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հստակ մտադրությունների մասին։

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ընդգծել է, որ պարենի, վառելիքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների արգելափակումը պետք է դիտարկվի ցեղասպանություն։

«Այստեղ դիակիզարաններ չկան, մաչետեի հարձակումներ էլ չկան։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների՝ հայերի այս խումբը կոչնչանա մի քանի շաբաթից։ Շատ առումներով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին սովի մատնելը Ցեղասպանության նախատիպ է՝ խմբի ոչնչացմանն ուղղված կենսապայմանների պարտադրման միջոցով»,-գրել էր նա։