Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ հայ – ադրբեջանական սահմանային գոտում զորքերի անսովոր տեղաշարժ կամ կուտակում չի տեսնում։ Այդ մասին ասվում է առաքելության Twitter-ի միկրոբլոգում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն օգոստոսի 14-ին հայտարարել էր, թե Հայաստանը մեծ քանակությամբ ռազմատեխնիկա, ռազմամթերք և անձնակազմ է կուտակել հայ – ադրբեջանական սահմանին։
«Առաքելությունն ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ – ադրբեջանական սահմանային գոտու երկայնքով պարեկություն իրականացնող 4 օպերատիվ բազայից: Հիմք ընդունելով առկա տեղեկատվությունը՝ չենք տեսնում զորքերի արտասովոր տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Շարունակում ենք պարեկությունը տարածքում»,-ասվում է գրառման մեջ։
Հայաստանի ԱԳՆ-ն հակադարձել էր Բաքվին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Հայաստանին առնչվող ապատեղեկատվության տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Բաքվի մտադրության մասին։ Հայաստանի արտգործնախարարությունը, որը վերստին Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորությունը նվազեցնելուն ուղղված բոլոր քայլերից։