Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին։ Երևանի ժամանակով նիստը կմեկնարկի ժամը 23:00-ին, գրում է CivilNet-ը։
Անվտանգության խորհրդի նիստին ներկա է լինելու Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ընդգծել էր, որ Հայաստանի կառավարությունը հայցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ որպես գլոբալ անվտանգության ապահովման և զանգվածային ոճրագործությունների, ներառյալ՝ պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման առաջնային մարմնի միջամտությունը։ Նա նշել էր, որ հունիսի 15-ից լիակատար շրջափակման պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար լիակատար աղետի եզրին։