Իր անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառած կինն իրեն մեղավոր է ճանաչել՝ նա կալանավորվել է։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս երեխաների մոր` Ա.Ա.-ի կողմից Գավառ քաղաքի իրենց բնակարանում իր երեխայի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաև՝ իր մյուս անչափահաս երեխաներին պոռնկագրական բնույթի նյութեր պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելու և ներգրավելու, պոռնկագրական նյութեր պատրաստելու, տարածելու դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին երեխաների մոր նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել:
Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից նաև ձեռնարկվել են երեխաների ապաստանի, խնամքի և անվտանգության ապահովման ուղղությամբ համապատասխան միջոցներ։ Մասնավորապես՝ քննիչի գրությամբ, սահմանված ընթացակարգով, երեխաները տեղափոխվել են համապատասխան խնամքի կենտրոններ։
Նշվում է, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Համացանցում տարածված տեսանյութի կինը, որը հոգեբանական ու ֆիզիկական բռնության է ենթարկում իր անչափահաս երեխային, Գավառի բնակչուհի է, ունի 5 երեխա։ Նրա ամուսինը ընթացիկ տարվա հունվարին դատապարտվել է ազատազրկման՝ անչափահաս երեխաներին բռնաբարելու հոդվածով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը խնդրել է բոլոր տարածողներին ջնջել տեսանյութը իրենց էջերից, քանի որ դա ավելի է վնասում երեխային՝ ենթարկելով նրան կրկնակի զոհականացման: