AM
23 August 2023 - 08:58 AMT

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է

Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին առաջադրվել է 13 կուսակցություն և մեկ դաշինք։ 14 ուժը տարբեր միջոցառումներ են ծրագրում օրվա ընթացքում։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ պետք է ընտրել այն ուժին, որի մանդատը կծառայի իշխանափոխությանը, հայտնում է «Ազատությունը»։

Թանդիլյանը շեշտել է, որ իրենց քաղաքական ուժը չի ցանկանում առանձնացնել Երևանի խնդիրները Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներից, իսկ կուսակցության ուշադրության կենտրոնում Արցախն է լինելու։

Քաղաքապետի թեկնածուն նաև նշել է, որ 50+ չհավաքելու դեպքում չի միանա «Քաղաքացիական պայմանագրին»։

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե այլ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես, Հայկ Մարությանի առաջնորդած «Ազգային առաջընթացին» կմիանա՝ Թանդիլյանն ասել է, որ չի բացառում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) քարոզարշավը կսկսի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից։ Հանդիպուըմը նախատեսված է 17։00-ին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է) քարոզարշավը կսկսի Արշակունյաց պողոտայից՝ Էռնեստ Թելմանի անվան թիվ 13 հիմնական դպրոցի հարակից տարածքից, ժամը 11։00-ին, հայտնում է Արմենպրեսը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Նորայր Նորիկյանն է) քարոզարշավի մեկնարկը կտա կուսակցության ծրագրի ներկայացմամբ, որից հետո տեղի կունենա քայլերթ մայրաքաղաքի փողոցներով ու շփում քաղաքացիների հետ։ Կուսակցությունը քարոզարշավի մեկնարկը կտա «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնից, ժամը 17։00-ին։

«Մայր Հայաստան» դաշինքը (քաղաքապետի թեկնածուն Անդրանիկ Թևանյանն է) քարոզարշավը կսկսի Շառլ Ազնավուրի հրապարակից, որտեղ ժամը 19։00-ին կմեկնարկի դաշինքի հրավիրած հավաքը։

«Հաղթանակ» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Վիկտոր Մնացականյանն է) քարոզարշավի մեկնարկը կտա Աջափնյակի գեղագիտական կենտրոնից, որտեղ ժամը 19։00-ին Վիկտոր Մնացականյանը երևանցիներին հրավիրում է զրույցի։

«Հանրապետություն» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է) քարոզարշավի մեկնարկը կտա Կասկադի վերնամասի, 50-ամյակի հուշակոթողի հրապարակում, ժամը 18։30-ին։

Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են նաև «Ազգային առաջընթաց» (քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է), «Հանրային ձայն» (քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն է), «Միացյալ Հայաստան» (քաղաքապետի թեկնածուն Երվանդ Թարվերդյանն է), «Հանուն սոցիալական արդարության» (քաղաքապետի թեկնածուն Արման Ղուկասյանն է), Հայաստանի Եվրոպական (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Խզմալյանն է), «Ժողովրդավարական համախմբում» (քաղաքապետի թեկնածուն Սուրեն Պետրոսյանն է), «Ուժը հայրենյաց» (կուսակցության թեկնածուն Նելլի Հարությունյանն է) կուսակցությունները։

Քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։