AM
23 August 2023 - 09:03 AMT

Վարդանյանը՝ «Ապրելու երկրի» քարոզարշավին. Գիտենք՝ ինչ է պետք անել, ոնց է պետք անել

Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավն «Ապրելու երկիր» կուսակցությունը մեկնարկել է Հայաստանի և Արցախի օրհներգերով: Արցախից իր ողջույնի խոսքն է ասել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ կոչ անելով ձայնը տալ «Ապրելու երկրին»։

Նա նշել է, որ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, ունենք այսպես ասած նախկիններ և այսօրվա իշխանություն, որոնք, իրար դեմ պայքարելով, չեն կարողանում պատասխանել մի հարցի՝ ինչպես կարող ենք դուրս գալ այսօրվա իրավիճակից, հայտնում է «Առավոտը»։

«Մենք գիտեք ինչ է պետք անել, ոնց է պետք անել: Ապագան մենք ենք կերտում ու մենք գիտենք ինչ ապագա պետք է լինի»,-ասել է Վարդանյանը։ Նա հավելել է, որ այդ ապագան ունի կարևոր հատկանիշ՝արժանապատիվ, իրեն հարգող հայի մասին է խոսքը, որը ավելի կարևոր է, քան այն, թե քանի անգամ դու գնացիր հանգստանալու, քանի անգամ գնացիր ռեստորան հաց ուտելու:

«Այսօր շատ կարևոր օր է: Կարող է, մենք չենք հասկանում այն կարևորությունը, որ եղավ 33 տարի առաջ, մենք պետք է վերականգնենք մեր պետությունը, պետական մտածելակերպը: Հայրենիքը առանց պետության հնարավոր չէ պահպանել, մենք արել ենք դա հարյուրավոր տարիներ, բայց մեծ գին ենք դրա համար վճարել: Ոչ մեկը ոչ մի բան մեզ չի ապահովելու, մեզ պարտական չի: Եթե մենք խոսում ենք մեր ապագայի, մեր հայրենիքի մասին, դա մեր պատասխանատվությունն է ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր վրա վերցնենք այս պարտականությունը և անենք:

Մենք այսօր ունենք լուրջ մարտահրավեր Արցախում: Արցախն ու ՀՀ-ն իրար հետ կապված երկու եղբայրներ են, առանց մեկը մյուսի չի կարող գոյատևի: Ես վստահ եմ, որ մեր ապագան որոշվում է Արցախում ու մարդիկ պետք է փոխեն իրենց վերաբերմունքը Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին: Մենք ունենք նոր քաղաքական իրավիճակ, ունենք այսպես ասած նախկիններ և այսօրվա իշխանություն, որոնք երկուսն էլ իրար հետ պայքարելով՝ չեն կարողանում պատասխանել մի հարցի՝ ոնց մենք կարող ենք դուրս գալ այսօրվա իրավիճակից, դառնանք ուժեղ: Առանց ուժեղ Արցախի և Հայաստանի, առանց ուժեղ սփյուռքի հնարավոր չէ, բոլորս միասին պետք է այս մարտահրավերների պատասխանը տանք: Ես գիտեմ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է այդ պատասխանատվությունն իր վրա վերցնի»,-ասել է նա։

Վարդանյանը կոչ է արել բոլոր երևանցիներին ձայնը տալ «Ապրելու երկրին», որը նոր մոտեցում ու նոր ուղի է ցույց տալիս:

«Երևանը ՀՀ-ի մոտ կեսն է, Երևանում են կուտակված մեծ ռեսուրսներ, մենք ունենք հնարավորություններ, որ մարդկանց ցույց տանք՝ ինչ պետք է անել, որ փոխվի ամբողջ Հայաստանում իրավիճակը: Մենք ունենք էքզիստենցիալ լուրջ վտանգ, դա ոչ միայն պատերազմի վտանգն է, դա մարդկային արժանապատվության կործանումն է: Մենք հազարավոր տարի ապրել ենք այս երկրագնդում ու ամբողջ աշխարհին շատ բան ենք տվել: Այս իրավիճակում միակ մեր պատասխանը պետք է լինի հետևյալը՝ մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի համար ու թույլ չենք տա ոչ մեկի կործանել Հայաստանը և Արցախը: Տարբեր դժվարություններ ենք ունենալու, բայց հաղթելու ենք ու անցնելու ենք այս ճանապարհը՝ մեր գլուխը բարձր պահելով»,-ասել է նա:

Քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։