AM
23 August 2023 - 10:07 AMT

Կանխվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ առանձնապես խոշոր չափերի «մեթամֆետամին» տեղափոխելու դեպք

Բացահայտվել և կանխվել է Իրանից մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց Հայաստան տեղափոխելու դեպք, հայտնում է ԱԱԾ-ն։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի ինքնությունը դեռևս չպարզաբանված մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են Երևան- Եղեգնաձոր միջպետական ճանապարհին գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանից մաքսանենգ ճանապարհով Հայաստան ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ օգոստոսի 20-ին Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, վերջինիս կողմից շահագործվող «Վազ 217230» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Եղեգնաձոր միջպետական ճանապարհին, Իրանի ինքնությունը դեռևս չպարզաբանված քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից, վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել Երևան։

Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Արտաշատ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն ձերբակալվել են:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է մոտ կես կիլոգրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով լցված փաթեթ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 396-րդ հոդվածի 3-րդ մասով, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն կալանավորվել են։

Նախաքննությունը շարունակվում է: