AM
23 August 2023 - 10:33 AMT

«Մայր Հայաստան» դաշինքը սկսել է քարոզարշավը․ «Երևանն Էրիվան չի դառնալու»

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվել է «Մայր Հայաստան» արձանի մոտից՝ երթով:

Դաշինքն իր քարոզարշավը վարելու է՝ Հայաստանում ամբողջական իշխանափոխության ծրագրով, իսկ կարգախոսներն են ՝ «Երևանն Էրիվան չի դառնալու», «Միացիր, որ փոխենք», հայտնում է «Առավոտը»։

Երթի ընթացքում իրազեկման ակցիա է իրականացվել։

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զարուհի Փոստանջյանն արդեն Թամանյանի արձանի մոտ խոստացել է, որ մեկ տարվա ընթացքում իրենք փորձելու են վերականգնել Երևանի թամանյանական դիմագիծը: Ըստ նրա, այժմ «պատերազմի կեղտոտ փողերով Երևանում հսկայածավալ շինարարություն է ընթանում, երկու մեծ թաղամաս է կառուցվում՝ հավանաբար, թուրքերի համար»:

«Ընտրությունը շատ հստակ է՝ մի կողմում այն իշխանությունն է, որը ապօրինաբար է զբաղեցնում իր դիրքը, որովհետեւ խախտել է ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, իր նախընտրական ծրագիրը, այսինքն, խաբել է նույնիսկ իր ընտրողներին և այն ճանապարհը, որն առաջարկում է այս իշխանությունը՝ Երևանն Էրիվան դարձնելու ծրագիրն է: Մենք ճիշտ հակառակ բևեռում ենք: Մենք գտնում ենք, որ ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, հնարավոր կլինի Երևանը Երևան պահել»,- երևանցիներին ուղղված իր խոսքում ասել է դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ կոչ անելով երևանցիներին՝ միանալ իրենց ու իրենց ծրագրերին:

Քարոզարշավը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը։ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին։