AM
24 August 2023 - 08:21 AMT

Փաշինյան․ Տեղեկություններ կան, թե ծրագրվում է Լաչինի միջանցքը միակողմանի բացել` ԼՂ-ից ելք թույլ տալու ուղղությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում հայտարարել է, որ հավաստի տեղեկություններ են ստացբեր, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ։

Նա նաև տեղեկացրել է, որ «ադրբեջանական կողմին են փոխանցել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հայկական կողմի նոր առաջարկները»։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է և ԼՂ բնակչության համար նախատեսված 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է մնալ Կոռնիձորի հատվածում, հայտնում է «Փաստինֆոն»։

«Միևնույն ժամանակ, հումանիտար իրավիճակը ԼՂ-ում շարունակում է մնալ լարված։ Իրադրության միակ փոփոխությունն այն է, որ Կարմիր Խաչի և ՌԴ խաղաղապահ զորախմբի միջոցով բուժման կարիք ունեցող և այլ քաղաքացիների որոշակի շարժ է սկսվել Լաչինի միջանցքով։ Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ ՀՀ-ում են գտնվում ԼՂ բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադանալ ԼՂ։ Նրանցից մոտ 5000-ը ԼՂ միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով են այդ փաստի առաջ կանգնել, ևս 30 հազարը նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով։Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի նպատակը ԼՂ հայությանն էթնիկ զտման ենթարկելու ճանապարհով նրանց հեռացումն է ԼՂ-ից՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»,-նշել է Փաշինյանը։

Վարչապետը նաև նշել է, որ տեղեկություններ ունեն, թե Բաքուն տարբեր միջոցներով շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով դրա պատասխանատվությունը դնել ԼՂ վրա։

«ՀՀ դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ ԼՂ հայության իրավուքներին ու անվտանգությանն առչվող հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով միջազգային մեխանիզմի շրջանակում։ Այս համատեքոսում էական է նաև նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը նախատեսում է փախստանակների ու ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն ԼՂ տարածք, այլև հարակից շրջաններ, այսինքն՝ Գետաշենի, Մարտոնաշենի ու մյուս շրջանների հայերն արժանապատվորեն իրենց տները վեադառնալու հնարավորություն պիտի ունենան»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։