Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն: Այդ հարցը կառավարության օգոստոսի 24-ի նիստի չզեկուցվող հարցերի թվում էր։
«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2022-ի համապատասխան որոշմամբ, դրանց նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը:
Միաժամանակ, վարժական հավաքներում չեն ընդգրկվել ինժեներական մասնագիտությամբ պահեստազորայինները, որը նախատեսված է եղել 2023թ. համար սահմանված վարժական հավաքների պլանում, քանի որ ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ներկա դրությամբ առկա չէ այդ մասնագիտությամբ պահեստազորայիններին մասնագիտական վերապատրաստման կամ այլ նպատակներով վարժական հավաքներին ներգրավվելու կարիք: