AM
25 August 2023 - 08:37 AMT

Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ մասնակի բեկանվել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այդ մասին հայտնել են Սմբատյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը։

Պաշտպանները համարում են, որ դա անընդունելի, քանի որ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն

«Ընտրված խափանման միջոցը փոփոխվել է՝ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, որն անընդունելի է։

Կայացված որոշման դեմ ներկայացնելու ենք վճռաբեկ բողոք, Սերգեյ Սմբատյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոցի կիրառումն ապօրինի է և անհիմն»,-ասվում է գրառման մեջ։

Մի խումբ մտավորականներ, ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից, դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ առանձնապես խոշոր չափերի խարդախության մեղադրանքով կալանավորվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը։ Ըստ դատախազության՝ Սմբատյանների գործողությունների հետևանքով պետությանը մոտ մեկ միլիարդ դրամի վնաս է հասցվել՝ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քառակուսի մետր մակերեսով հողամասը հափշտակվել է։