AM
25 August 2023 - 09:41 AMT

Կասպրշիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն այցելել է Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն մեկ ամսից ավելի է՝ Լեռնային Ղարաբաղ մուտքին են սպասում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով Հայաստանից ուղարկված հումանիտար աջակցությամբ բեռնված մեքենաները, հայտնում է 1lurer.am-ը։

Կասպրշիկը օգոստոսի 22-ից Հայաստանում է՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու՝ ԵԱՀԿ գործող նախագահի հանձնարարականով:

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։