AM
25 August 2023 - 10:30 AMT

Հրդեհների կանխարգելման աշխատանքային խմբի նիստում որոշվել է ակտիվացնել հանրային իրազեկումը

Օգոստոսի 24-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ ուղղված հրդեհների կանխարգելմանը: Նիստին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Որոշվել է նաև ավելի ակտիվացնել հանրային իրազեկման, հերթապահության և մշտադիտարկման ուղղությամբ համատեղ միջոցառումները:

Աշխատանքային խմբի ղեկավար, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ առաջին հանդիպումից մինչ օրս իրականացվել են անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ։

Փրկարար ծառայության կողմից հանրային իրազեկման աշխատանքներում ներգրավվել է 643 օպերատիվ խումբ՝ ընդհանուր 1504 փրկարարական ծառայողներով։ 5751 օբյեկտներում ու անտառամերձ հանրային վայրերում իրականացվել են հանրային իրազեկման աշխատանքներ, փակցվել է 8436 պաստառ՝ հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ։ Անտառամերձ տարածքներում կազմակերպվել է հերթապահություն՝ 816 փրկարարական ծառայողներով։

Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները․ մարզային այցելություններ, հրդեհների արձագանքման նախապատրաստական աշխատանք անտառտնտեսություններում, տեղերում անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհի արձագանքման պլանների ստուգում, քարոզչություն։ Նաև սահմանվել են հերթապահություններ, հանդիպումներ են տեղի ունեցել ՏԻՄ-երի ղեկավարների հետ և այլն: Հատուկ անդրադարձ է կատարվել նաև անտառամերձ հատվածներում փայտածուխի արտադրամասերի գործունեությանը: Առաջարկվել է առկա օրենսդրական դաշտի սահմաններում դրանք տեղափոխել անվտանգ տարածքներ: