Օգոստոսի 24-ին նախատեսված Երևան-Կապան չվերթը հետաձգվել է։ Այդ մասին հայտնել են «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից, տեղեկացնում է Aysor.am-ը։
Ընկերությունից հայտնեցին, որ պատճառը եղանակային պայմաններն են. «Ջերմուկում եղանակը մառախլապատ է, իսկ ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել»:
Այն հարցին, թե քանի՞ անձ էր այսօրվա թռիչքով մեկնելու Կապան՝ ընկերությունից ասել են, որ դա կոմերցիոն գաղտնիք է և չեն կարող հայտնել: Սակայն հավելել են, որ գնված տոմսերը, հաճախորդների հայեցողությամբ, փոփոխությունների կենթարկվեն:
Օգոստոսի 21-ին առաջին անգամ ըստ հաստատված չվացուցակի կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները:
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով:
Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել, հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով իրականացվել է Երևան-Կապան ներկայացուցչական չվերթը։