«Ակտիվ քաղաքացի» հարթակում քվեարկության է դրվել հերթական նախագիծը. մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի քանդակի նախընտրելի նախագծի օգտին:
Մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում 2024թ. հուշարձանը կտեղադրվի Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
Քանդակի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզը կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը: Հարթակում առավելագույն ձայներ ստացած էսքիզ-նախագիծը կներառվի և կարտացոլվի հանձնաժողովի քվեարկության արդյունքներում:
Երևանի կենտրոնում գտնվող Օգյուստ Ռոդենի քանդակը կտեղափոխվի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի արձանը։
Մինչև 2024-ը Ֆրանսիայում ևս կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը, որի նախագիծն արդեն պատրաստ է, նախատեսվում է անցկացնել խոշորամասշտաբ համերգ, բացել Ազնավուրի կենսագործունեությանը նվիրված ցուցահանդես: