Երևանից Կապան ուղևորվող օդանավը վայրէջք չի կարողացել կատարել ու վերադարձել է Երևան։ Այդ մասին հայտնել են «Նովէյր» ավիաընկերությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Պատասխանելով այն հարցին, թե չվերթն ավարտին չհասցնելուց հետո արդյո՞ք ավիաընկերությունը փոխհատուցել է քաղաքացիներին՝ ավիաընկերությունից ասել են, որ այդ գործընթացն իրականացվում է՝ կախված քաղաքացիների ցանկությունից։
«Այն դեպքում, երբ քաղաքացիները ցանկանում են փոխհատուցում՝ նրանց փոխհատուցում ենք։ Հակառակ դեպքում նրանց հաջորդ չվերթի ժամանակ անվճար տեղափոխում ենք Կապան»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Ավիաընկերությունից հայտնել են, որ այս ընթացքում Երևան- Կապան ուղղությամբ երկու չվերթ է խափանվել։
Օգոստոսի 24-ին նախատեսված Երևան-Կապան չվերթը հետաձգվել էր։
Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիք Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով:
Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել, հայտնել էր ՀՀ ԱԱԾ-ն։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով իրականացվել է Երևան-Կապան ներկայացուցչական չվերթը։