AM
29 August 2023 - 08:40 AMT

Ականատես․ 7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել՝ նա օգնություն էր խնդրում, բայց խաղաղապահները քայլ անգամ չարեցին

Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետից առևանգված Արցախի հանրապետության 22-ամյա բնակիչ Ալեն Սարգսյանին ադրբեջանցիները նախ ստիպել են իրենց հետ գնալ, հետո 7-8 հոգով հարձակվել են տղայի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել իրենց հետ։ Այդ մասին պատմել է դեպքին ականատես ուսանողներից մեկը, ով ևս Արցախից Հայաստան էր տեղափոխվում խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է «Փաստինֆոն»։

Առևանգման ականատեսն ասել է նաև, որ Ալենն օգնություն էր խնդրում, բայց խաղաղապահներն մի քայլ անգամ չարեցին, որ թույլ չտան տանել նրան։

«Երբ Ալենի հերթը հասավ, որ պիտի փաստաթղթերը ստուգեին ադրբեջանցիները, ասացին, որ իր հետ կապված գործ կա, հետո կանցնեն իրեն։ Մի քանի րոպե անց մոտեցավ մի ադրբեջանցի ու սկսեց քաշքշել Ալենին՝ ստիպելով հետևել իրեն։ Ալենն էլ, կռահելով, որ ուզում են առևանգեն, հետ-հետ քայլեց, դուրս պրծավ դրա ձեռքից ու սկսեց վազել։ Այդ պահին 7-8 ադրբեջանցի զինվորական վրա հասան ու Ալենին բռնեցին․․․ Ոտքերը, ձեռքերը բռնեցին, գցեցին գետնին ու սկսեցին քաշքշել․․․ Ալենն օգնությունն էր խնդրում, ասում էր՝ փրկեք ինձ․․․ Մենք սկսեցին լացել, ոչ մեկիս թույլ չտվեցին, որ մոտենանք Ալենին, խաղաղապահներն էլ կանգնած տեսնում էին այդ ամենը ու ոչ մի քայլ չարեցին, ոչ մեկը մատը մատին չտվեց․․․»,- պատմել է առևանգմանն ականատես արցախցի ուսանողուհին։

Խաղաղապահների պահվածքից ցնցված՝ ուսանողները պահանջել են բացատրել, թե ինչու ոչ մի քայլ չարեցին, որ իրենց աչքի առաջ ադրբեջանցիները քաշքշելով չտանեն հայ երիտասարդին։

«Խաղաղապահների պետքն էլ չէր կատարվողը։ Մի քայլ անգամ չեն շարժվել տեղներից։ Որ ասացինք ինչի՞ համար եք էստեղ բա, ո՞րն է ձեր գործը, եթե պիտի թույլ տաք, որ ձեր աչքի առաջից առևանգեն արցախցուն, ասացին՝ մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու»,-ասել է ականատեսը։

Օգոստոսի 28-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի միջանցքում՝ Հակարիի անօրինական անցակետով անցնելիս, Արցախի 3 բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից։ Նրանք ուսանողներ են և մեկնում էին ՀՀ ուսումը շարունակելու նպատակով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր «դրոշն անարգելու մեջ» և 10 օլրվա վարչական կալանքի կենթարկի նրանց։ «Վարչական ազատազրկման պատիժը կատարելուց հետո կապահովվի նշված անձանց Ադրբեջանի Հանրապետության սահմաններից հեռացնելը»,- ասվում է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։

Հուլիսի 29-ին ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում առևանգել են որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։