AM
29 August 2023 - 10:36 AMT

ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը կանադացի գործընկեր Մելանի Ժոլիի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Ինչպես հայտնել է Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում՝ զրույցը տեղի է ունեցել Բլեդում (Սլովենիա) ընթացող Ռազմավարական համաժողովի ժամանակ։

«Հայաստանը գնահատում է Կանադայի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումների համաձայն»,-նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Միրզոյանի խոսքով՝ բոլոր միջազգային հարթակները պետք է արդյունավետ օգտագործվեն այս խնդրի լուծման համար։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։