AM
30 August 2023 - 10:08 AMT

Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությամբ շարասյունը Կոռնիձորի ճանապարհին է

Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը Հայաստանում է. շարասյունն այսօր վաղ առավոտյան Երևանից շարժվել է դեպի Հակարիի կամուրջ, որի վրա ադրբեջանական կողմը ապօրինի անցակետ է տեղադրել։

Հումանիտար օգնությունն ուղարկվել է Փարիզի և Ֆրանսիայի մի շարք խոշոր շրջանների կողմից։ Շարասյունն ուղեկցում է ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ, հայտնում է Factor.am-ը։

Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։

Ավելի քան մեկ ամիս է՝ Կոռնիձորում է մնում ՀՀ կառավարության ուղարկած ավելի քան 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձված բեռնատարները։ Այս պահին դեռ պարզ չէ՝ արդյոք ֆրանսիական օգնությունը կհաջողվի Լաչինի անցակետով տեղափոխել Արցախ, թե՝ ոչ։