AM
2 September 2023 - 10:02 AMT

Պապիկյանն ընդունել է անհետ կորածների ծնողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է 44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներին։ Այդ մասին ասել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը, հայտնում է Factor.am-ը։

44-օրյա պատերազմում անհետ կորած «Քիմիկների զորամասի» զինծառայողների ծնողներն օգոստոսի 31-ին բողոքի ակցիա են իրականացրել նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում նախարար Պապիկյանի հետ։

44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ, մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհետ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է գեներալ Անդրանիկ Մակարյանը: