AM
2 September 2023 - 11:06 AMT

Փորձագետ. Չտպագրված դասագրքերի պատճառով գուցե 1 կիսամյակ կամ ամբողջ տարին «կորի»

Շատ դպրոցականներ սեպտեմբերը սկսում են առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ դեռ չմշակված։ Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռ անցյալ տարի, ժամկետն էլ մի քանի անգամ երկարաձգվել։ Ներկայում այն դասագրքերը, որոնք երաշխավորվել են գործածության տպագրության փուլում են, գրում է Sputnik Արմենիան։

Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասել է, որ 2023-2024 թթ. ուսումնական տարվա դասագրքերի տպագրված չլինելը կարող է լուրջ խնդրի հանգեցնել` գուցե 1 կիսամյակը, գուցե ամբողջ տարին աշակերտների և ուսուցիչների համար ուղղակի «կորի»։

«Խնդիրը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն ծնողների, այլև ուսուցիչների մոտ։ Նրանք ձեռնունայն են մնացել ու չգիտեն, թե ինչպես են կառուցելու դասերը, եթե դասագրքեր չկան։ Ի դեպ, այն դասագրքերը, որոնք հետո լինելու են, դեռ ուսուցիչները չեն ուսումնասիրել, բովանդակությունը նոր է։ Իրականում, այդ դասագրքերը 1 կիսամյակ առաջ պետք է տրամադրվեին մեր ուսուցիչներին, որպեսզի կարողանային ծանոթանալ դրանց թերություններին ու դրական կողմերին»,– ասել է Մխիթարյանը։

Նա վստահ է` եթե ուսումնական տարին սկսվում է առանց դասագրքի, ապա, ըստ էության, խաթարվում է ամբողջ դասապրոցեսը։ Այս իրավիճակի վերականգնումը կարող է երկար ժամանակ խլել ուսուցիչներից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ հայտնում է, որ հին դասագրքերով հնարավոր չի դասապրոցեսն իրականացնել և մինչև նորերի տպագրելը, առցանց տարբերակով կարող են աշակերտներին սովորեցնել։

Խնդիր կա նաև դասագրքերի ժառանգականության հարցում մի դասարանից մյուս դասարան նույն առարկայի դասագրքի սահուն անցումն ապահովված չէ։ Այսինքն 5-րդ դասարանում ուսուցիչը կարող է մի բան սովորեցնել, իսկ 7-րդ դասարանում այդ նույն առարկայի շրջանակում մեկ այլ բան, քանի որ դրանք տարբեր մարդիկ են գրել ու ընդհանրապես սինխրոնացված չեն իրար հետ։

Անդրադառնալով դասագրքերի տպագրման ժամկետների խախտմանը փորձագետը շեշտեց ԿԳՄՍ նախարարության համապատասխան պաշտոնյաները պետք է պատասխան տան։

Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հայտարարել էր, որ նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն այս դասարաններում ևս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել, կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի և նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով։