Սեպտեմբերի 2–ին ՀՀ սահմանին վիրավորված զինծառայող Նարեկ Պողոսյանը, որը սկզբից ընդգրկվել էր զոհվածների թվում, սակայն հետո հաջովել էր վերականգնել սրտի զարկը, բարդ վիրահատության է ենթարկվել։
Բարդ վիրահատությունը հաջող է անցել, սակայն վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Նարեկ Պողոսյանը (բժիշկների կողմից ռեանիմացիոն ինտենսիվ միջողառումների արդյունքում սրտի կանգը վերականգնված զինծառայողը) տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում», -ասել է նա։
Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:
Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին:
Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:
Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն:
Ադրբեջանի ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայտարարվել էր, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 1 վիրավոր, սակայն ավելի ուշ պարզվել է, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում զոհվածների թվում ներառված Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։