AM
5 September 2023 - 08:08 AMT

ՀՀ ռազմական բժիշկները Գերմանիայում բազմազգ զորավարժության են մասնակցում

Հայաստանի Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության շարժական դաշտային հոսպիտալի անձնակազմն օգոստոսի 28-ից սեպտեմբերի 23-ը մասնակցում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ռազմաբազայում անցկացվող «Միաձուլված սուր-2023» բազմազգ զորավարժությանը։

Դրան մասնակցում է 17 երկիր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

ՀՀ ԶՈւ բժիշկները և բուժակները մասնակցում են ԱՄՆ ցամաքային զորքերի բժշկական ծառայության կողմից անցկացվող վարժանքին։

Վարժանքի նպատակն է իրական պայմաններում կազմակերպել վիրավորների արագ և անվտանգ տարհանումն ուղղաթիռով։

Հայկական դաշտային հոսպիտալի բժշկական անձնակազմն ամերիկյան կողմի հետ ձևավորած խմբերով կատարում է բարդ պայմաններում վիրավորների տարհանում, ծանոթանում ԱՄՆ բանակի բժշկական ծառայության տարհանման սանիտարական հատուկ օդային միջոցներին, ինչպես նաև բժշկական տարհանման ցամաքային զրահատեխնիկայի հնարավորություններին և հագեցվածությանը, ասված է հաղորդագրությունում:

Զորավարժության հաջորդ խաղարկային փուլը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին։