Հանրային հեռուստաընկերությունը Երևանի քաղաքապետի 14 թեկնածուի միջև մեծ բանավեճ կանցկացնի։ Այդ մասին հայտնել են հեռուստաընկերության հանրային կապերի բաժնից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Այն տեղի է ունենալու սեպտեմբերի 14-ին։
«Ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ պետք է թեկնածուների միջև բանավեճ կազմակերպվի Հանրային ՀԸ–ով։ Հրավերն ուղարկվել է բոլոր քաղաքական ուժերին, հաստատման համար վերջնաժամկետ կա, չնայած մի քանիսն արդեն դրական պատասխան տվել են։ Բանավեճն անցկացվելու է դեմ առ դեմ ձևաչափով, բոլորը մեկ հարթակում են լինելու»,– ընդգծել են հանրային կապերի բաժնից։
Բանավեճն անցկացվելու է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հետ, նրանց միազգային խորհրդատվությամբ։
Երևանի քաղաքապետի 14 թեկնածուից 1-ը` «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը, կալանքի տակ է (մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու մեջ. խմբ.)։ Թե ով հանդես կգա նրա փոխարեն, դեռ հայտնի չէ։
Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 17–ին։