Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պնդումներին, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ և ԼՂ շրջափակում չկա, հակադարձել է նրան՝ եթե շրջափակում չկա, ապա ինչո՞ւ է Ադրբեջանն Աղդամ ուղարկել «այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը»։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Arab News–ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմետ Հաջիևը հայտարարել է, թե Լաչինի միջանցքը փակ չէ և Լեռնային Ղարաբաղը շրջափակված չէ։ Դրանով Ադրբեջանը ցանկանում է մոլորեցնել միջազգային հանրությանը Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի վերաբերյալ, ինչը հաստատել են Human Rights Watch-ը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը՝ հաստատված որոշումներով, որ միջանցքը արգելափակված է, իսկ ժողովուրդը սովահարության շեմին է։
Եթե Լաչինի միջանցքն արգելափակված չէ և Լեռնային Ղարաբաղում շրջափակում և սով չկա, ինչպես պնդում է Ալիևի օգնականը, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը Աղդամ ուղարկել այդ խորհրդավոր մարդասիրական օգնությունը»,- ասվում է Մարուքյանի գրառման մեջ։
Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։
Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: