AM
6 September 2023 - 13:54 AMT

Կառավարությունը 22 մլն դոլարով 5 հարկանի շենք կգնի Լոնդոնում՝ դեսպանատան համար

Կառավարությունը մոտ 8 մլրդ 388 մլն դրամ (17,380,800.0 ֆունտ ստերլինգ) կհատկացնի Լոնդոնի կենտրոնում 5 հարկանի շենք ձեռք բերելու համար։ Այն նախատեսված է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության համար։ Այս մասին որոշման նախագիծը ներառված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում, հայտնում է Factor.am-ը։

Նշվում է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թ.-ից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները:

2023թ. ապրիլ ամսից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office),ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանութան նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ, որոնց հետ դեսպանությունը իր գործունեութան ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ:

Շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով: Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ:

«Պետք է հաշվի առնել նաև, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը և անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատև ներդրում։ Շենքի սեփականատերը մտադիր է եղել վաճառել այն 15,000,000.0 ֆունտ ստերլինգով, որը չի ներառում ԱԱՀ: Սակայն բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել գնել շենքը 14,200,000.0 ֆունտ ստերլինգով, որին գումարվելու է 20% ԱԱՀ ՝ 2,840,000.0 ֆունտ ստերլինգ և ՄԹ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ` միջնորդ գործակալներին կողմից գանձվող միջնորդավճար շենքի արժեքի՝ 14,200,000.0 ֆունտի 2%, և այդ գումարի ԱԱՀ 20%, որը կազմում է 340,800.0 ֆունտ, այսպիսով շենքի վաճառքի ընդհանուր գինը կազմելու է 17,380,800.0 ֆունտ ստերլինգ: ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 3-ի թիվ 1324-Ն որոշման համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 710,000.0 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ՝ որպես գնվող շենքի կանխավճար, որը փոխանցվել է հասցեատիրոջը»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ։

Սեյնթ Ջեյմս հրապարակը, որտեղ գտնվում է շենքը, համարվում է Լոնդոնի ամենաne8kajanali և ամենաթանկարժեք թաղամասերից մեկը։