AM
6 September 2023 - 15:14 AMT

Աննա Հակոբյանը Կիևում մասնակցում է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Կիևում մասնակցում է Առաջին տիկնանց և ամուսինների երրորդ գագաթնաժողովին։ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օրը սկսվել է «Նահատակ երեխաներ» անունը կրող ցուցահանդես այցելությամբ, որտեղ ոգեկոչել են այդ պատերազմում զոհված երեխաների հիշատակը։

«Ինչպես նշել էի այս հունիսին Բրյուսելում «Կին քաղաքական առաջնորդներ 2023» ցագաթնաժողովում իմ ելույթում, 2022 թվականի փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայում զոհվել է մոտ 500 երեխա։

Այսօր իմացանք, որ նրանցից ամենափոքրը 2 օրական է եղել, ամենամեծը 17 տարեկան։

Պատերազմներում նահատակվող երեխաները մեր բոլորի՝ մեծերիս ձախողումն են. աններելի, անուղղելի, անվերականգնելի ձախողումը»,- գրել է Աննա Հակոբյանը։

Սեպտեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին հայտնել է «Ազատությունն» իր աղբյուրների վրա հղումով։