ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությանը, ասել է, որ դա չէր անվանի լարվածություն, կանվաներ իրավիճակ, որտեղ կան հարցեր և չկան հստակ պատասխաններ, տեղեկացնում է News.am-ը։
«Հարցերը հետևյալն են. արդյոք ՌԴ-ն պատրաստվում է կատարել իրենց նախագահի ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները, թե ոչ, այն է՝ Լաչինի միջանցքի անխոչընդոտ գործունեությունը: Մեր 120 հազար հայրենակիցը այնտեղ պատանդին կարգավիճակում է: Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն Լաչինի միջանցքը 5 կմ լայնությամբ պետք է լինի ռուսական զորքերի վերահսկողության տակ: Արդյոք դա այսօր այդպես է: Ոչ, այդպես չէ, եւ ակնհայտ է, որ մենք հարց ունենք, որը հղում ենք մեր ռուս գործընկերներին՝ արդյոք իրենք շարունակելու են կատարել իրենց պարտավորությունները, արդյոք իրենք ընդհանրապես իրենք ի վիճակի են, և երրորդ՝ ամենակարևորը, արդյոք իրենք ուզում են կատարել իրենց պարտավորությունները: Այ սա է լարվածությունը»,-ասել է ԱԺ նախագահը:
Նա չի ցանկացել արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ավելի վաղ արված հայտարարությանը, որ իր հայտարարություններն անվանել էր «բռիության եզրին հասնող մի ինչ-որ բան»:
«Ես չեմ պատրաստվում արձագանքել ինչ-որ գերատեսչության ինչ-որ քարտուղարուհու, որը, կարծում եմ՝ իմ մակարդակը չէ: ԱԳՆ կա դրա համար, արտաքին բաժին կա, թող իրենք արձագանքեն: Ես չեմ համարում, որ ես ու ձեր նշած մարմնի բաժնի պետի տեղակալը նույն մարդն ենք, որ ես խոսեմ: Թող ինքն իր դարդերով տապակվի», – նշել է նա:
Սիմոնյանը նաև ասել է, որ Հայաստանը չէ, որ վատացնում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ. ՌԴ–ն ուղղակի դուրս է գալիս տարածաշրջանից՝ փորձելով այն սակարկման առարկա դարձնել Թուրքիայի հետ իր տնտեսական շահերն առաջ տանելու համար։
Անդրադառնալով Հռոմի ստատուտին, որն արդեն ուղարկվել է ՀՀ ԱԺ վավերացմանը, Ալեն Սիմոնյանն ասել է, որ այն, ամենայն հավանականությամբ, կվավերացվի։
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե վերջին շրջանում ՀՀ ներկայացուցիչները «լկտիության եզրին» հասնող հռետորաբանություն են թույլ տալիս Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակում և որ նման հռետորաբանությունը նրանց սազական չէ։ Զախարովան այսպես է մեկնաբանել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի խոսքը, որը քննադատաբար էր արտահայտվել Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ: