AM
7 September 2023 - 10:15 AMT

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի նաև ՀՀ քաղաքացիություն չունեցող մոտ 14,000 անձ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի նաև Երևան համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված Հայաստանի քաղաքացիություն չունեցող 14,839 անձ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության 10,308 քաղաքացի: Այդ մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, գրում է Արմենպրեսը։

«2023 սեպտեմբերի 17-ին տեղի ունենանալիք Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններին ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` մասնակցելու իրավունք ունեն նաև քվեարկության օրվա դրությամբ 18 տարին լրացած, Երևան համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող՝ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք: Այդ անձանց թիվը կազմում է 14 հազար 839, այդ թվում՝ 1639 կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներ, 628 փախստականներ, 109 քաղաքացիություն չունեցող անձինք: ՌԴ քաղաքացիների թիվը կազմում է 10 հազար 308»,-ասել է Դավթյանը:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ 2000-ականների սկզբին ուժի մեջ մտած երկկողմ պայմանագրով ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հաշվառումը հավասարազոր է մշտական կացության կարգավիճակի:

«Այսինքն՝ տասնյակ տարիներ ՌԴ այն քաղաքացիները, որոնք հաշվառվել են, որ զուգահեռաբար կացության կարգավիճակ ձեռք բերելու կարիք չլինի, և օրինական հիմունքներով ՀՀ-ում երկարաժամկետ բնակվելու հնարավորություն ունենան, ևս արտացոլված են այդ 10 հազար 308-ի մեջ»,-նշել է Դավթյանը:

Իսկ, թե ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով Ռուսաստանից դեպի Հայաստան աշխուժացած ներհոսքը որքանո՞վ է արտացոլված հարցին՝ Դավթյանը պատասխանել է, որ պատկերը հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ 2021 թվականից սկզբից հաշվառվածների թիվը 4277 է, իսկ մնացած մոտ 6000-ը գոյացել է տասնյակ տարիների ընթացքում վերոնշյալ կարգավորումների արդյունքում։

Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 17–ին։