AM
8 September 2023 - 10:59 AMT

Միրզոյանը՝ ԱՄԷ–ում․ Բաքուն ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերին

Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանն ընդունել է պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին` օրակարգի առանցքային հարցերից էին տարածաշրջանային վերջին զարգացումները:

Անդրադառնալով Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նկրտումներով և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերին:

Նախարար Միրզոյանն ԱՄԷ նախագահին է ներկայացրել շուրջ 9 ամիս տևող Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ԼՂ 120 հազար բնակչության և հատկապես խոցելի խմբերի առջև ծառացած բարդ հումանիտար մարտահրավերները՝ շեշտելով, որ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումների և միջազգային բազմաթիվ գործընկերների հասցեական կոչերի` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ այս համատեքստում կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումն ու միջազգային հարթակներում արդյունավետ փոխգործակցութունը:

ԱՄԷ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ են կատարել տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին, մտքեր փոխանակել նոր հեռանկարային ուղղություններով համատեղ ծրագրերի կյանքի կոչման շուրջ: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի աշխուժացման կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի և ԱՄԷ միջև առկա զգալի ներուժն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանում էմիրաթական ընկերությունների համար ստեղծված է անհրաժեշտ բարենպաստ գործարար միջավայր։

Լաչինի միջանցքն ադրբեջանցիները փակել են 2022-ի դեկտեմբերի 12-ից։ Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է, որոնց ավելացել են նաև Փարիզի և Ֆրանսիայի շրջանների ուղարկած հումանիտար բեռով բեռնատարները։

Ադրբեջանի Կարմիր մահիկի կողմից Աղդամի ճանապարհով դեպի Արցախ ուղևորվող երկու բեռնատար հասել է Աղդամ– Ստեփանակերտ ճանապարհին։Բաքուն հայտարարել է, թե այդ բեռնատարներում 40 տոննա ալյուր է Ստեփանակերտի բնակիչների համար։ Ադրբեջանի ԶԼՄ–ների համաձայն, նրանք բանակցում են ռուս խաղաղապահների հետ և վրաններ են տեղադրել ճանապարհին։ Արցախցիները կտրականապես դեմ են այդ տարբերակին և հայտարարում են, որ այդ ճանապարհով բեռներ չեն ընդունի։Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմետ Հաջիևը հայտարարել է թե Աղդամով ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի Լաչինի միջանցքը: