AM
8 September 2023 - 11:18 AMT

ՔԿ․ 7 անձ ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով

Քննչական կոմիտեն հայտնել է, որ Սյունիքում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գորիսում ձերբակալվել են ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանի, «Սպուտնիկ Արմենիայի» ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանի և ևս 5 անձ։

Նշվում է, որ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում շարունակվում է համայնքի Վերիշեն բնակավայրի բնակչի կողմից, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց հետ իրացնելու նպատակով ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ 2023թ. օգոստոսի 24-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել հանցավոր գործունեության շղթայում ներգրավված 7 անձի վերաբերյալ, ովքեր, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որոնցից երկուսը՝ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով իրացնելու պահին:

Վարույթն իրականացնող մարմինը որոշումներ է կայացրել վերը նշված անձանց ձերբակալելու մասին:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի զննություն, հարցաքննություններ, բնակարանների և տրանսպորտային միջոցի խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են AK տեսակի ինքնաձիգ, մարտական փամփուշտներ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ, ատրճանակներ, սվին դանակներ, տարբեր տեսակի ու ռազմական նշանակության գույք, կանեփ տեսակի բույսի թփեր։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը, նպատակները պարզելու, նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն է հայտնել բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիայի» սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրանք է անվանել բլոգեր Միքայել Բադալյանի և Sputnik Արմենիայի մեկնաբան Աշոտ Գևորգյանի ձերբակալությունը՝ հավելելով, որ այն ուղղված է Մոսկվայի և Երևանի կապերը «մթագնելուն»։