ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ հերքելով Ադրբեջանի այն հայտարարությունները, թե իբր Հայաստանը սադրանք է պատրաստում։
ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները:
«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծմանը: Ըստ այդմ, ամբողջովին կեղծ են Ադրբեջանի կողմից տարածվող հայտարարությունները ՀՀ կողմից ցանկացած հնարավոր սադրանքի մասին։ ՀՀ-ն իրավիճակի էսկալացիայի որևէ մտադրություն չունի, ճիշտ հակառակը՝ շարունակում է բաց լինել իր կողմից նախկինում առաջարկված դեսէսկալացիայի մեխանիզմների քննարկման համար:
Հրավիրում ենք տարածաշրջանի կայունությամբ շահագրգռված բոլոր գործընկերների ուշադրությունը, որ ՀՀ-ն պատրաստ է այս ուղղությամբ առաջին իսկ պատեհ հնարավորության դեպքում շարունակել Ադրբեջանի հետ քննարկումները»,–ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։