AM
13 September 2023 - 09:38 AMT

Նախարարը՝ դժգոհող ուսուցիչներին․ Նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է հանրակրթական նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքային ծանրաբեռնվածության և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ իրենց դժգոհությունը ներկայացնող ուսուցիչների խմբին:

Նախարարին ներկայացվել են ուսուցիչների բարձրացրած խնդիրները, որոնք, մասնավորապես, վերաբերել են էլեկտրոնային տեղեկատվական համակարգում՝ էլեկտրոնային մատյաններում, այս տարվա սեպտեմբերից թեմատիկ պլանների լրացման մեխանիզմին, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պահանջում։

Նախարարը պարզաբանումներ է ներկայացրել՝ նշելով, որ նոր չափորոշիչները նոր մոտեցումներ են պահանջում:

Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ էլեկտրոնային մատյաններում թեմատիկ պլանների ներմուծման նոր ձևաչափը պարտադիր չէ՝ այն առաջարկվել է մեթոդական ցուցումով, սակայն ուսուցիչները կարող են կիրառել կամավորության սկզբունքով՝ ըստ ցանկության։ Էլեկտրոնային համակարգում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից արդեն ապահովվել է տեխնիկական կարգավորում, ըստ որի՝ ուսուցիչը կարող է ընտրել թեմատիկ պլանի ներմուծման նախընտրելի տարբերակը, այն է՝ առաջնորդվել նախորդ տարիներին արդեն գործածված մոդելով կամ նախապատվությունը տալ նորին։

Նախարարը նաև նշել է, որ ԿԶՆԱԿ-ի և ԿՏԱԿ-ի հետ համագործակցությամբ ուսուցիչները կկարողանան բարձրաձայնել հարցեր՝ թեմատիկ պլանների կառուցվածքի, ըստ անհրաժեշտության որոշ պահանջների տեխնիկական կարգավորումների վերանայման վերաբերյալ։

Նախարարը մանրամասն ներկայացրել է աշխատավարձի բարելավման և դրույքաչափի սահմանման ուղղությամբ վարվող պետական քաղաքականությունը։

«Չափորոշչի փոփոխությամբ նաև ուսուցչի աշխատանքի տրամաբանությունը և կառուցվածքն են փոխվում։ Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում միավորային գնահատում չի լինելու և բնութագրային գնահատումը լրացուցիչ աշխատանքային ծավալ է ենթադրում, տարրական դասարաններում դրույքաչափն իջեցրել ենք 18 դասաժամի: Այս տարի այն գործարկվել է դեռևս 2-րդ դասարանում, բայց մյուս տարվանից աստիճանաբար դրույքաչափի նման ծանրաբեռնվածությունը կգործի նաև մյուս դասարաններում՝ այսինքն՝ տարրական դասարաններում շաբաթական 18, ավելի բարձր դասարաններում՝ 20 դասաժամ: Նոր դրույքաչափին գնում ենք աստիճանաբար՝ չափորոշչի ներդրմանը զուգահեռ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը պարզաբանում է ներկայացրել նաև զինղեկների վարձատրության առնչությամբ՝ նշելով, որ դրույքաչափի իջեցում չի լինելու։ Անդրադառնալով ուսուցիչների վարձատրության համընդհանուր բարելավման հարցին՝ նա նշել է, որ այդպիսի մեխանիզմ այս պահին դիտվում է կամավոր ատեստավորման համակարգը։