AM
13 September 2023 - 10:09 AMT

ԱԺ-ն ընդունել է բոլոր օրինագծերը և ժամանակից շուտ սպառել օրակարգը

Ազգային ժողովն ընդունել է բոլոր օրինագծերը և ժամանակից շուտ սպառել օրակարգը։ Օրինագծերն ընդունվել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 65 կողմ ձայներով։

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է երկու օրենսդրական նախաձեռնություն:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիազորող նորմերը:

Առաջարկվում է օրենքից հանել նաև «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման միջոցառումների ծրագիրը» հաստատելու նորմը, իսկ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքից՝ «հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ ներդնելու ծրագիրը» հաստատելու նորմը, քանի որ նախատեսվել է դրանք չհաստատել որպես առանձին ծրագրեր, այլ դրանց իրականացմանն առնչվող գործողություններն արտացոլել հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրում:

Բացի այդ, անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ՝ միջպետական համաձայնագրի դրույթներն իրագործելու համար, իսկ Կառավարությանն էլ առաջարկվում է լիազորել սահմանելու այդ գործընթացի առանձնահատկությունները:

««Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է երեխաների իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերը փոխարինել համալիր ծրագրով»։ Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չեն ներկայացվել:

Խորհրդարանի աշխատանքներն ընդմիջվեցին մինչև 16:30`կառավարություն-ԱԺ հրցուպատասխանի նիստը: