«Պորշե կենտրոն Երևան»-ն իր սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակում հերթական յուրօրինակ միջոցառումն է կազմակերպել «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի սաների համար:
Այս տարի բարեգործական ծրագրին, որն իրականացվում է 2017-ից ի վեր, ներգրավվել էր հիմնադրամի Կոտայքի մարզի մասնաճյուղի մոտ 70 սան:

Ընկերությունն ամեն անգամ հիմնադրամի հետ գործակցությամբ միջոցառումների տարբեր ֆորմատներ է նախաձեռնում՝ սկսած բարեգործությունից, աճուրդներից, որտեղ վաճառվում են հենց երեխաների ձեռքով պատրաստված իրերը, վերջացրած պարզապես սաների համար հաճելի ժամանց կազմակերպելով, ինչպես արվել էր այս անգամ:

Միջոցառման շրջանակում հիմնադրամի սաները հնարավորություն ունեցան այցելելու «Պորշե կենտրոն Երևան», անմիջականորեն ծանոթանալու ինչպես ընկերության պատմությանը, այնպես էլ լյուքս դասի մեքենաներին, ներսից տեսնելու սերվիս կենտրոնի աշխատանքը, իրենց հետաքրքրող հարցերը տալու մեքենաների մասին, նստելու, շոշափելու, լուսանկարվելու, ինչից հետո ուղևորվեցին «Երևան Պարկ», որտեղ երեխաների համար ժամանցային հատուկ ծրագիր էր նախատեսված ու հյուրասիրություն:

«Պորշե կենտրոն Երևան» այցելելու ցանկությունը հենց երեխաներինն էր եղել. հասնելով այստեղ, հատկապես տղաները մեծ ոգևորությամբ սկսեցին ուսումնասիրել մեքենաները, հարցեր ուղղել, աղջիկներն իրենց հերթին շտապում էին լուսանկարվել մեքենաների հետ: Ծանոթությունից հետո հիմնադրամի սաներն ուղևորվեցին «Երևան Պարկ», որտեղ մի քանի ժամ շարունակ հնարավորություն ունեցան օգտվելու բոլոր ատրակցիոններից, ծանոթանալու այգու հերոսներին ու առանձնահատկություններին, դիտելու հատուկ իրենց համար կազմակերպված շոու-ծրագիրը:

«Պորշե կենտրոն Երևան»-ում նման նախաձեռնություններն անչափ կարևորում են՝ կարծելով, որ կազմակերպությունները պետք է հնարավորինս շատ սոցիալական պատասխանատվության տարբեր ծրագրեր իրականացնեն՝ հնարավորության դեպքում տարբեր խնդիրների բախված երեխաներին դրական էմոցիաներ պարգևելով, ու փորձում նաև օրինակ ծառայել գործընկերների համար: Տարիներ առաջ ծանոթանալով «ՍՕՍ-Մանկական Գյուղեր»-ի խնդիրներին ու փիլիսոփայությանը, ընկերությունում որոշել են շարունակել համատեղ աշխատանքը հենց հիմնադրամի հետ, հուսով են՝ գործակցությունը հետագայում էլ շարունակական է լինելու:
