Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել POLITICO Europe պարբերականին՝ նշելով, որ հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը, և դրա տարբերակը դուրսբերված զորքերը մշտական տեղակայման վայրեր հետ տանելն է, ,Հայաստանը պատրաստ է նման քայլի:
Փաշինյանը հայտարարել է, որ ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը, սակայն, հավելել է, որ մյուս կողմից չի կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին, հիմա Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այս պայմաններում ավելի լավ կլիներ։
Լրագրողը հարցրել է․ «Դուք ձեզ Ռուսաստանի կողմից դավաճանված զգու՞մ եք։ Ըստ Ձեզ, Ռուսաստանը բավարար ջանքեր չի՞ գործադրել՝ ապահովելու համար 2020թ.-ի պայմանավորվածությունները, հաշվի առնելով, որ ՌԴ-ն պարտավորվել էր ապահովել Լաչինի միջանցքի բաց լինելը, պահպանել այն շփման գիծը, որ առկա էր։ Ըստ Ձեզ, Ռուսաստանը ձախողվե՞լ է որպես անվտանգության երաշխավոր»։
Փաշինյանը պատասխանել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Լեռնային Ղարաբաղում անվտանգային շատ սուր իրադրություններ են տեղի ունեցել՝ շփման գծի խախտումներ, ԼՂ տարածք ներխուժումներ։
«Մենք դեպք ենք ունեցել, երբ գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացին ռուս խաղաղապահի ներկայությամբ սպանվել է ադրբեջանցի դիպուկահարի կողմից։ Եվ գյուղատնտեսական աշխատանքի խոչընդոտներ կան, ի վերջո Լաչինի միջանցքի փակումը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առաջացումը։
Այս ամենը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությամբ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության տիրույթում գտնվող հարցեր են: Եվ այս առումով, այնքանով, որքանով այս պրոբլեմներն առաջացել են, այո, ռուսաստանցի խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը: Բայց մյուս կողմից ես չեմ կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին Լեռնային Ղարաբաղում, հիմա Լեռնային Ղարաբաղի իրադրությունն այս պայմաններում ավելի լավ կլիներ: Այսինքն ուզում եմ, որ մենք այս նրբությունը լավ և ճիշտ հասկանանք, և կարծում եմ՝ երկու արձանագրումներն էլ ճիշտ են»,–ասել է Փաշինյանը:
Լրագրողը հարցրել է․ «Ինչո՞ւ եք կարծում, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ձախողվել է։ Անգործունակությու՞նն է պատճառը, Ուկրաինայի պատերազմով գերզբաղվածությո՞ւնը, թե՞ դա մտածված որոշում է՝ խուսափելու համար Ադրբեջանին և Թուրքիային զայրացնելուց։ Ռուսաստանը որոշե՞լ է այդպես վարվել, թե՞ ուղղակի ձախողվել է»։
Վարչապետը պատասխանել է, որ երկու գործոնն էլ ունեն որոշակի դերակատարում։
«Գիտեք, կարծում եմ, երկու գործոններն էլ ունեն որոշակի դերակատարում, որովհետև Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով Ռուսաստանի հնարավորությունները փոխվել են, բայց մյուս կողմից կարծում եմ նաև կա երկրորդ գործոնը, որը Դուք նշեցիք: Թե առաջին, և թե երկրորդ գործոնը, իմ գնահատմամբ, առկա է»,–ասել է նա։
Խոսելով Ադրբեջանի հետ բանակցությունների մասին՝ նա ասել է, որ չկա վստահության մթնոլորտ, որովհետև եթե վստահության մթնոլորտ լիներ, շատ հարցեր այսօր այդպիսի վիճակում չէին լինի, ինչպիսին են։
«Ադրբեջանը եթե նախկինում ունեցել է, այդպես էլ շարունակում է կիրառել, այսպես ասած, ուժի կամ ուժի սպառնալիքի քաղաքականություն։ Դա շատ է բարդացնում իրադրությունը և կարծում եմ՝ հետագա առաջընթացի ապահովման հիմնական խոչընդոտն է։ Եվ այստեղ, կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այն ուժերը, ովքեր շահագրգռված են մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում, հենց այս հարցում պետք է աջակցություն ցուցաբերեն Հայաստանի Հանրապետությանը, աջակցություն ցուցաբերեն մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին»,–ասել է նա:
Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում հայկական կողմի իբր սադրանքի կամ կուտակումների մասին, ինչն արվում է նույնիսկ օրը մի քանի անգամ։ Միաժամանակ ադրբեջանական ԶՈւ կուտակումներ են նկատվում ինչպես ՀՀ հետ սահմանին, այնպես էլ ԼՂ հատվածում։
Հայաստանում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությունը լարվածության աճ է գրանցել ՀՀ սահմաններին և ավելացրել է պարեկությունը, մասնվորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի սահամամերձ շրջաններում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։