AM
14 September 2023 - 09:29 AMT

Վարչապետ․ ՌԴ 1 բեռնատար հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է, որ իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված, Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը ՀՀ հետ պետսահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով:

Նա ասել է նաև, որ հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է՝ Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող որևէ տեսանելի ազդեցություն ունենալ:

Փաշինյանը հավելել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի ուղարկած հումանիտար բեռների մի մասը՝ 22 բեռնատարով, Լաչինի միջանցքից ոչ հեռու՝ Կոռնիձորի մոտ, շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասել, իսկ բեռների մեկ ուրիշ՝ ավելի մեծ քանակություն գտնվում է մերձակա հատվածում:

Նա նշել է նաև, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հետագա մատակարարումներն ապահովելու համար:

«Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները»,–ասել է վարչապետը։

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով», սակայ Լաչինի միջանցքը մինչ օրս փակ է: