AM
14 September 2023 - 12:21 AMT

Վարչապետ․ Հուսանք` Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծայրահեղ ծանր իրավիճակին, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը:

Նա հույս է հայտնել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի։

«Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին: Ձեռնարկվում են բոլոր հնարավոր դիվանագիտական ջանքերը՝ հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հետագա մատակարարումներն ապահովելու համար: Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները:

Մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին խրախուսում և քաջալերում ենք՝ ներգրավվել նման երկխոսության մեջ»,–ասել է նա:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ:

«Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,–ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է մեր տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ և ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար:

«Եվ այսօր, նաև այս իմաստով, հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ, ինչպես ասացի, կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,–ասել է նա։

Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Հումանիտար բեռը ռուսական Կարմիր խաչի միջոցով և այդ կազմակերպության մեքենաներով սեպտեմբերի 12-ին մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով հանրապետության իշխանությունների թույլտվությամբ: Օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ» և հայտարարել է, որ համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով», սակայն Լաչինի միջանցքը մինչ օրս փակ է: