AM
15 September 2023 - 10:54 AMT

Մարուքյան․ ՀՀ օկուպացված տարածքներից Ադրբեջանի ԶՈւ դուրսբերումը կարող է վստահության ամրապնդման լուրջ քայլ լինել

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Ադրբեջանի 2022թ․սեպտեմբերյան ագրեսիային, հայտարարել է, որ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ամրապնդման ճանապարհին: Այդ մասին Մարուքյանը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ, որի արդյունքում ունեցանք ացելի քան 200 զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքի մոտ 150 քկմ օկուպացված է, և չնայած միջազգային հանրության պահանջներին, Ադրբեջանի ԶՈւ–ն դուրս չի բերվել այդ տարածքներից:

Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ամրապնդման ճանապարհին։

Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը, իսկ բոլոր ռազմագերիներն ու պահվող այլ անձինք պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից»,–ասվում է գրառման մեջ։

2022-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել:

Ըստ Քննչական կոմիտեի, Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։