«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, անդրադառնալով սեպտեմբերի 17–ի Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներին, ասել է, որ բավական լուրջ հարված է հասցվել գործող իշխանությանը։
Նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «իր ղեկավարած խմբակը» չեն կարողացել իրենց ուզածը ստանալ և հավելել է, որ սա առաջին քայլն է ամբողջական իշխանափոխության համար։
«Մեկ բան պարզ է՝ այս իշխանությունը չունի հանրային վստահություն, չունի լեգիտիմություն և նույնիսկ այսպիսի ցածր մասնակցության և վարչական ռեսուսրի օգտագործման պայմաններում, չեն կարողացել իրենց խնդիրը լուծել։ Կարծում ենք, որ կա հնարավորություն՝ այս գործընթացը վերածել ընդհանուր պայքարի և իշխանափոխության։ Պատրաստ եղեք»,-հայտարարել է նա։
Նա հավելել է, որ նախնական ամփոփումից հետո կրկին հանդես կգա հայտարարությամբ։
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ և այդպիսով տապալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը։ Նա ասել է` կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայցև պայման է դրել՝ վերահսկողական գործառույթները վերապահվեն «Հանրային ձայն» կուսակցությանը։
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32․57%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18․89%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43%, «Հանրային ձայն» կուսակցություն` 9․68%: