«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ կուսակցությունն ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումից և իրավիճակի հստակեցումից հետո հայտարարությամբ կներկայացնի իր տեսակետը։
«Շնորհակալություն ենք հայտնում մեզ ընտրողներին՝ իրենց քաղաքացիական դիրքորոշման համար:
Վստահ եղեք, որ ամենայն պատասխանատվությամբ ու խնամքով ենք վարվելու մեզ տրված յուրաքանչյուր քվեի հետ»,–ասվում է հայտարարության մեջ։
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32․57%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18․89%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43%, «Հանրային ձայն» կուսակցություն` 9․68%:
«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ և այդպիսով տապալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը։ Նա ասել է` կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայցև պայման է դրել՝ վերահսկողական գործառույթները վերապահվեն «Հանրային ձայն» կուսակցությանը։