AM
19 September 2023 - 08:47 AMT

Ռոտենբերգ․ «Շատ ուրախ եմ», որ մեր ձայներն անցան Ավինյանի թիմին՝ թող դա պատիժ լինի ընտրությանը չմասնակցածներին

«Ուժը Հայրենյաց» կուսակցության անդամ Նատալյա Ռոտենբերգը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, գրել է, որ «շատ ուրախ» է, որ իրենց ձայներն անցան Տիգրան Ավինյանի թիմին։ Նա հավելել է, որ թող դա պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեկան ընտրության՝ որոշելու Երևանի ճակատագիրը։

Նա նշել է, որ եթե հայերը ոչինչ չարեցին, որ հաղթի լույսը, նշանակում է նրանց գոհացնում է խավարը։

«Ընտրություններն ավարտվեցին, կյանքի նոր փուլ սկսվեց։ Ես «շատ ուրախ եմ», որ մեր ձայները փոխանցվեցին Ավինյանի թիմին, թող դա նվեր լինի նրանց և բոլոր այն մարդկանց համար, որոնք ընտրեցին իրենց, բայց և պատիժ բոլոր նրանց համար, ովքեր չեկան ընտրության՝ որոշելու Երևանի ճակատագիրը:

Մարդիկ ընտրեցին իրենց նմաններին, իսկ ով չմասնակցեց, դավաճանեց իր հայրենիքը։

Հիմա մի լացեք և մի բողոքեք, դուք ինքներդ այդպես որոշեցիք, Աստված վկա։Դուք ոչինչ չարեցիք ձեր երկրի և ձեր քաղաքի համար, այնպես որ, նստեք և դիմացեք։

Կրկին հաղթեց խավարը, ոչ թե լույսը»,–ասվում է գրառման մեջ։

Ռոտենբերը հիշեցրել է, որ ըստ օրենքի, 4 տոկոսից քիչ ձայներ հավաքած կուսակցությունների քվեները ավտոմատ կերպով փոխանցվում են հաղթողին։

«Ուստի, եթե հայերը կիրակի օրը ոչինչ չարեցին, որ հաղթի լույսը, թող իշխի խավարը, նշանակում է նրանց դա գոհացնում է»,–գրել է նա։

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ և այդպիսով տապալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը։ Նա ասել է` կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայցև պայման է դրել՝ վերահսկողական գործառույթները վերապահվեն «Հանրային ձայն» կուսակցությանը։

ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32․57%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18․89%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43%, «Հանրային ձայն» կուսակցություն` 9․68%: Wրևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն օրենքի ուժող կդառնար Երևանի քաղաքապետ։